Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Ղ.-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ,19-ամյա Գալյա Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վիրավորներից 2-ին հիվանդանոց է ուղեկցել Է. Սուսլիյանը և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գալյա Ն.-ին, հավանաբար, առևանգել են ամուսնության նպատակով, իսկ այդ առևանգման փաստով Գեղարքունիքի մարզի դատախազի հանձնարարականով ոստիկանության Գավառի բաժնում առանձին նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: