
Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել տրանսպորտային նոր շարժակազմի ներգրավման, ներմուծման աշխատանքին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Մենք նշել էինք, որ կան տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործման ժամկետն ավարտվել է, և այդ շարժակազմերը պետք է թարմացվեն: Այս պահին քաղաքապետի կարգադրությամբ մեր թիմը ձեռնամուխ է եղել նոր շարժակազմի ներգրավման, ներմուծման աշխատանքին: Դրված է նպատակակետ, որ հաջորդ տարի մինչև ամբողջական ցանցի ներդրումը գոնե կներմուծվի որոշակի ավտոբուսային պարկ, որպեսզի այս խնդիրը կարողանանք լուծել»,- ասաց Սարգսյանը:
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման նպատակով քաղաքապետարանը հիմա կառավարության հետ ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլում է: Ֆինանսական և կառուցվածքային մոդելը պատրաստ է: Կառավարության հետ ֆինանսավորման աղբյուրը վերջնական հստակեցնելուց հետո կսկսվի ծրագրի իրագործումը: