Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը
Advertisement 1000 x 90

Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստին:

Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով բանաձևի ընդունումը, այն դիտարկեց որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության մեր սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում:

Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները նաև իրենց գնահատանքն արտահայտեցին բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարևոր այս հանգրվանին:

Արտահայտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի երախտագետ զգացումները` Գերագույն հոգևոր խորհուրդը հույս հայտնեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները և բարեսեր ժողովուրդը նույն արդարամտությամբ կշարունակեն ջանքեր ներդնել` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և աշխարհում նման ոճրագործությունների կանխարգելման:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ



Նման նյութեր