Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ 2018֊ին Հայաստանում իշխանափոխություն եղավ, մեր երկրի նոր ու գերպոպուլիստ իշխանությունները հայտարարում էին, որ իրենք նպատակ ունեն կրճատելու պետական ապարատի ծախսերը։ Հայտարարվեց մի շարք պետական հիմնարկությումներին ու պաշտոնյաներին սպասարկող մեքենաների թվի զգալի կրճատման մասին, հատկացվող բենզինի քանակի և այլնի կրճատման մասին։ Որոշ նախարարներ ցուցադրաբար 1֊2 անգամ մետրոյով գնացին աշխատանքի, վարչապետը քաղաքի կենտրոնում հեծանիվ վարեց, ոտքով գնաց աշխատանքի, ինչ֊որ նախարարներ նույնիսկ ցուցադրաբար էժան ճաշարաններում ընդմիջեցին՝ իբր ապացուցելու համար, թե ինչքա՜ն հասարակ են իրենք և ինչքա՜ն խնդիր չեն դրել պաշտոնի հաշվին 《կշտանալու》։
Սակայն այս ընթացքում բազմիցս եղել են հրապարակումներ տարբեր պաշտոնյաների համար ձեռք բերված նոր ավտոմեքենաների մասին, ԱԺ որոշ գործիչների աշխատասենյակների թանկարժեք վերանորոգման ու վերակահավորման մասին։
Դե ծախսատար ու օգուտ չբերող օտարերկրյա վոյաժների մասին չխոսենք, թեման առավել քան ծեծված է։
Հաջորդը վարչապետի ընտանիքին հատկացված առանձնատան վերանորոգման վրա ծախսված 2 մլն ԱՄՆ դոլարն էր։
Իսկ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանն անդրադարձել է վերոնշյալ պաշտոնյայի համար ձեռք բերված նոր մեքենային ու նոր ինքնաթիռ ձեռք բերելու անհրաժեշտությանը։ Ըստ Աղաջանյանի՝ վարչապետին սպասարկող ավտոմեքենան արդեն շատ հին էր (այստեղ երևի թե Աղաջանյանին պետք է հարցնել, թե ի՞նչ չափանիշ կա այդ մեքենան հին կամ նոր համարելու համար)։ Ձեռք բերված մեքենան, ըստ իմ խիստ դիլետանտ գնահատման, կարժենա մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։
Համաձայնեք, որ 《20 տարի շարունակ թալանված》 ու ոտքի կանգնելու փորձեր անող Հայաստանի համար դա բավական մեծ գումար է (առավել ևս, երբ դրան գումարում ենք նաև առանձնատան վերանորոգման ծախսը)։ Հիմա էլ Է. Աղաջանյանը մեզ ուզում է համոզել, որ Փաշինյանին բացի այդ ամենից նաև նոր ինքնաթիռ է հարկավոր։
Հիմնավորումը լսե՞լե՞ք ։)))) զավեշտ է։ Ըստ Աղաջանյանի՝ Նիկոլ Վովայևիչին սպասարկող Airbus A319 ինքնաթիռը չի կարող տրանսատլանտյան չվերթներ կատարել (այստեղ պետք է լիներ Հետքի հոդվածի հղումն այն մասին, որ Աղաջանյանը անամոթաբար ստում է)։
Այս ամենին ավելի մեծ հմայք է հաղորդում այն փաստը, որ օրերս Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի չափը հատել է 7 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը։
Միայն մի խորհուրդ կարող եմ այսքանից հետո տալ Փաշինյանի շրջապատին՝ վերադարձրեք նրան մանկություն ու մի հեծանիվ նվիրեք, ամեն ինչ տեղը կընկնի։ Վարչապետի պաշտոնը մանկական անկատար իղձերի իրականացման փորձադաշտ չէ։ Օրեցօր անդունդը գլորվող Հայաստանն էլ պոպուլիզմի մակարդակի կատարելագործման փորձադաշտ չէ, բավական է, իջե՜ք, հասե՜լ եք»։
Երբ 2018֊ին Հայաստանում իշխանափոխություն եղավ, մեր երկրի նոր ու գերպոպուլիստ իշխանությունները հայտարարում էին, որ իրենք…
Gepostet von Areg A. Barseghyan am Mittwoch, 30. Oktober 2019