Ինչպես հրահանգել է ռեկտորի ԺՊ-ն, այնպես արել եմ․ ԵՊՀ խոսնակը՝ հեռացված հրապարակման մասին
Advertisement 1000 x 90

Ինչպես հրահանգել է ռեկտորի ԺՊ-ն, այնպես արել եմ․ ԵՊՀ խոսնակը՝ հեռացված հրապարակման մասին

«Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ինձ հրահանգեց հեռացնել նյութը ԵՊՀ կայքից, ես էլ հեռացրել եմ, իսկ պատճառները չեն նշվել նրա կողմից»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը՝ խոսելով ԵՊՀ աշխատողների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ հրապարակումը հեռացնելու մասին։

Այն հարցին, թե կարելի՞ է համարել, որ Գեղամ Գևորգյանի կողմից չի ընդունվել արհեստակցական միության առաջարկը, Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ հետևություններ դեռ պետք չէ անել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ԵՊՀ պաշտոնական կայքից հեռացվել է մի հրապարակում, ըստ որի՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, նպատակ ունենալով բարելավել ԵՊՀ բոլոր աշխատողների սոցիալական վիճակը և հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ սպասվում է ԵՊՀ եկամուտների և ծախսերի 2020 թ. նախահաշվի (բյուջեի) քննարկումն ու հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջարկել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին և հոգաբարձուների խորհրդի անդամներին 2020թ. հունվարի 1-ից բարձրացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջարկել է ԵՊՀ 2020թ. բյուջեում շուրջ 1(մեկ) միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ, վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող եւ այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն իրենից ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:

24news.am