
Պարեկային ոստիկանները նոյեմբերի 2-ին, ժամը 23-ից հետո հրավառություն իրականացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Վրացյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են բերել մի քաղաքացու։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, րոպեներ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք են եկել բերվածի երկու ազգական, որոնք դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը ոստիկանության ծառայողների կողմից արժանացել է համարժեք պատասխանի։ Դեպքի առթիվ քրեական գործ ՝ հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 39-ամյա տղամարդիկ ձերբակալվել են, իսկ հրավառություն իրականացրած անձը՝ տուգանվել։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: