Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են Երեւանի քաղաքապետարանից։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել՝ արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին քաղաքապետարանից դրական պատասխան են տվել։
«Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։
Ի դեպ, նշենք, որ Վ.Մնացականյանը միակ վարչական շրջանի միակ ղեկավարն է, որը այս տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Հիշեցնենք, որ նկատողությունը որպես կարգապահական տույժ կիրառելուց օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Վիկտոր Մնացականյանը հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարական տալու որոշումը կայացրել է, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ. «Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել»,- գրել էր Վիկտոր Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին, քաղաքապետին, Երևանի գլխավոր ճարտարապետին, իր գործընկերներին ու թիմակիցներին: