Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչն ինքն է ահազանգել ոստիկանություն և հայտնել դեպքի մասին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով(կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Շենավան համայնքի ղեկավար 39-ամյա Արթուր Մկրտչյանը և նրա 43-ամյա եղբայրը իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա երիտասարդին տանից դուրս են կանչել` վերջինիս ավտոմեքենան գնելու պատրվակով, սակայն նրան տարել են մոտակա գյուղի դաշտերը և ծեծի ենթարկել։
Քրեական գործի շրջանակում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը,) ինչպես նաև 118-րդ հոդվածի (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: