
Նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, և օպերատիվ խմբերը, արագ հասնելով Ագարակ գյուղ, այնտեղից ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն բաժնում ոստիկանները պարզում են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, սգո արարողության են մասնակցելիս եղել, այլ նաև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։ Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ «հերոս» Գ. Ավետիսյանը եղել է ոչ սթափ, իսկ նրա եղբայրը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։
Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի եղբայրն է՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանը

