Նոյեմբերի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման տակ բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Գեղամ Զաքարյանի վարած Porsche Cayenne մակնիշի 33 TS 314 համարանիշի և 39-ամյա Գրիգոր Ավետիսյանի վարած Suzuki մակնիշի AC 313 համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և այն վերածվել է մետաղե ջարդոնի: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օpերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Եղիշե Գևորգյանն ու տեսուչ Արթուր Մկրտչյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Porsche Cayenne-ը, որը երկրորդ շարքից կատարել է սխալ վերադասավորում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, Porsche Cayenne-ն էլ ճանապարհայի ոստիկանները հայտնաբերել էին ահագին հեռու՝ Սևանի փողոցի սկզբանամասում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: