Ոստիկանությունը հայտնում է Արենիին 2 մլն դրամից ավելի վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը հայտնում է Արենիին 2 մլն դրամից ավելի վնաս պատճառելու դեպքի բացահայտման մասին

Ոստիկանության Եղեգնաձորի բաժինը նոյեմբերի 6-ին հաղորդում է ստացել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակվել է տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։

«Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին պետական-հասարակական ունեցվածքի գողության մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ 58-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ կասկածյալը խողովակները խոշոր բեռնատար «ԿամԱԶ»-ով տեղափոխել է Գեղարքունիքի մարզ և գողոնի մի մասը մի քանի հարյուր հազար դրամով վաճառել մի ընկերության տնօրենի, մյուս մասը, դարձյալ մի քանի հարյուր հազար դրամով, վաճառել է ջրահեռացման աշխատանքներ կատարող մի տղամարդու։

Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։