Դիաբետ ունեցող մարդը կարող է ավելի երկար ապրել, քան նրա առողջ հասակակիցները. էնդոկրինոլոգ
Advertisement 1000 x 90

Դիաբետ ունեցող մարդը կարող է ավելի երկար ապրել, քան նրա առողջ հասակակիցները. էնդոկրինոլոգ

Դիաբետը բնավ դատավճիռ չէ, թեև այն այսօրվա դրությամբ անհնար է բուժել, այն կարելի է հաջողությամբ վերահսկել, ինչի շնորհիվ կատարյալ կոմպենսացված դիաբետով մարդը կարող է ապրել ավելի երկար, քան նրա առողջ հասակակիցները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է արտահայտել էնդոկրինոլոգ և սննդաբան Հասմիկ Աբովյանը։

Մասնագետի խոսքով, եթե դիաբետ ունեցող պացիենտը ճիշտ է սնվում, պահում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, վարում  է առավելագույն առողջ կենսակերպ և հետևում բժշկի խորհուրդներին, նա ավելի առողջ կլինի իր շատ հասակակիցներից, որոնք բավականաչափ ուշադիր չեն իրենց առողջության հանդեպ։

«Որոշ մարդիկ պետք է «շնորհակալ» լինեն իրենց երկարակեցության համար հենց դիաբետին, չէ՞ որ այդ հիվանդությունը ստիպում է նրանց վարել առողջ կենսակերպ։ Իսկ դա միանշանակ ապացուցված է. եթե մարդն առաջին իսկ օրերից ճիշտ բուժում է ստանում, նա կապրի դիաբետ չունեցող իր հասակակիցներից ոչ պակաս»,- ասել է մասնագետը։

Հասմիկ Աբովյանի խոսքով՝ այսօր մենք ապրում ենք գիտության և բժշկության բարգավաճման դարաշրջանում, և լավագույն գիտական տվյալները հասանելի են բոլոր բժիշկներին։ Ուստի, բժիշկները հնարավորություն ունեն կազմակերպելու դիաբետի բուժումը համաձայն լավագույն միջազգային փորձի։ Բայց մինչ այդ նրանք պետք է պացիենտներին հասցնեն միտքն այն մասին, որ այդ բուժումն իրենց անհրաժեշտ է առողջության պահպանման համար։

«Բժիշկներն այսօր ունեն անհրաժեշտ զինանոցը, որպեսզի պահպանեն դիաբետ ունեցող մարդկանց առողջությունը մինչև ծերություն, բայց առանց բժշկի և պացիենտի միջև արդյունավետ համագործակցության դրան անհնար կլինի հասնել»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ շաքարային դիաբետի բուժումը պետք է լինի համալիր. պարզապես իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընդամենը գործի կեսն է, անհրաժեշտ է նաև կանխել սիրտ-անոթային  և այլ բարդությունները, որոնք կարող են առաջանալ դիաբետի պատճառով։

«Բժիշկը պետք է պացիենտին հասցնի այն միտքը, որ նա հիվանդ է աշխարհում ամենավատ և միաժամանակ ամենալավ հիվանդությամբ։ Ամենավատ, որովհետև դրա հետևանքները քայքայիչ են առողջության համար. 6 վայրկյանը մեկ աշխարհում շաքարային դիաբետի հետևանքների պատճառով մարդ է մահանում։ Ամենալավ, որովհետև այդ հիվանդությունը կարելի է վերահսկողության տակ պահել և ապրել երկար»,- ասաց մասնագետը։

med.news.am