Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: «Նախարարների խորհրդի նիստում որոշում է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի եւ նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել է 20 միլիոն եվրո»,- Թվիթերի իր էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Վենետիկը պատուհասած աղետը դարձել է սրտին հարված մեր երկրի համար»,- ավելի վաղ գրել է նա Թվիթերում: Նա ընդգծել է, որ իշխանություններն առայժմ չեն կարողանում գնահատել քաղաքին հասցված վնասը: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը 187 սանտիմետրով վեր է բարձրացել նորմայից: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել է սոսկ 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել էր 194 սանտիմետրի նշագծին:
Նոյեմբերի 13-ին քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: