Հայաստանում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ դեպքերը, որոնք հաճախ իրականացվում են հրազենի ապօրինի կիրառմամբ։ Ուշագրավ է, որ վերջին շրջանում ահազանգերը մեծամասամբ հնչում են Գյումրի քաղաքից։
«Դինգո թիմ» ՀԿ-ն գրում է. «Երեկ ցերեկը, դպրոցի ժամին, Արարատյան Մասիվում 116 դպրոցի 6-րդ դասարանի պատուհանի տակ Մետալիկ գույնի BMW մակնիշի մեքենայի միջից կրակել են դպրոցի մոտ քնած 2 շներին՝ միջինից փոքր չափսի մայր շանը եւ նրա ձագին: Որոշ ժամանակ անց դպրոցի պահակը եւ զինղեկը շան դիերը գցել են աղբամանի մեջ»:
Հիշեցնենք, որ բնակավայրում եւ դրա համար չհատկացված տեղերում հրազենի կիրառումն ապօրինի է, ավելին՝ դպրոցի տարածքում, որտեղ բազմաթիվ երեխաներ են, նման գործողության իրականացումը լի է բազմաթիվ վտանգներով եւ հանդիսանում է հասարակական կարգի խախտում եւ հանրային անվտանգության խնդիր:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․
Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով
Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Բացի այդ, գործում է նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:
92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել: