Մոսկվայում սպանված, թայբոքսինգի հայազգի չեմպիոն Աշոտ Բոլյանն «օրենքով գող» Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով կարգավիճակ չուներ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` հերքելով մամուլում տարածված լուրերը։
«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ։ Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու ուղղությամբ քննչական անհրաժեշտ գործողությունները շարունակվում են»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Աշոտ Բոլյանը Մասիվցի Անդիկի սպանությունը կազմակերպել է դրամական հարցերի պատճառով։
Թերթերից մեկն էլ այսօր գրել է նաև, որ Անդիկի սպանությունը կազմակերպելուց բացի, Բոլյանը մասնակցություն է ունեցել նաև քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում: Այս հարցին, սակայն, ՀՀ Քննչական կոմիտեն առայժմ պարզաբանում չի տրամադրել։
Նշենք, որ 40-ամյա Բոլյանի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 14-ին Մոսկվայում, իր մեքենայի կողքին:
Մասիվցի Անդիկը սպանվել էր 2019թ-ի հուլիսի 2-ին: Նրա սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Եվս մեկ անձ էլ, որը մեղադրվում է սպանությունն օժանդակելու մեջ, կալանավորված է: Դեպքից հետո ՀՀ այժմ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ սպանությունը պատվիրված է, բայց պատվիրատուի անունը չէր բացահայտել։
Իսկ Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարվել էր 2014թ-ին Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բակում։ Այս սպանության համար մեղադրանք էր առաջադրվել քրեական աշխարհում Իսո անունով հայտնի Իսրայել Սարգսյանին, որը դատարանի որոշմամբ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։