Վախթանգ Սիրադեղյան. «Փորձեմ գնահատել ժամանակակից Վերնատան նկատմամբ շարքային քաղաքացիների՝ պողոսների վերաբերմունքը՝ դուրս լինելով նրանց շրջանակից»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Փորձեմ գնահատել ժամանակակից Վերնատան նկատմամբ շարքային քաղաքացիների՝ պողոսների վերաբերմունքը՝ դուրս լինելով նրանց շրջանակից»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Փորձեմ գնահատել ժամանակակից Վերնատան նկատմամբ շարքային քաղաքացիների՝ պողոսների վերաբերմունքը՝ դուրս լինելով նրանց շրջանակից: Վերնատունը համախմբվեց Նիկոլից և նրա իշխանությունից դժգոհ համարյա բոլոր գրագետներով, որոնք պետք է անգրագետ պողոսներին տանեն ընդդեմ վերջիններիս կողմից դեռևս պաշտպանվող իշխանության:

Պատմությունը՝ մեր և այլազգիների, ցույց է տալիս, որ այդպես չի լինում, քանի որ չի կարող լինել այնպես, որ պողոսը գնա ինքն իր դեմ՝ այն էլ գրագետ ոչ պողոսների առաջնորդությամբ, իսկ որ այդպես է՝ դա մենք արդեն տեսել ենք՝ սկսած 1996-ից: (Նիկոլին օրինակ չբերեք՝ նա խոսեց պողոսի լեզվով պողոսի սրտից, և դեմն էլ կանգնած էր պողոսին թշնամի և մարդկային առումով թույլ Սերժը):

Այստեղից էլ անմիջապես երկրորդ գործոնը՝ Նիկոլը թույլ չի, և ոչ միայն թույլ չի, այլև չափից շատ ուժեղ է, ինչը վախ է սերմանում սովորական մարդկանց մեջ. չե՞ք հավատում՝ խոսեք ձեր հիմնարկներում կամ հարևաների հետ և կամ առանց կամերաների գնացեք փողոցներ և հարցրեք մարդկանց:

Վերնատան 3-րդ խնդիրը՝ այնտեղ, ինչպես ասվեց, համախմբված են համարյա բոլորը՝ Նիկոլից դժգոհ հին, նոր մարդիկ, իսկ պողոսը հնի հետևից չի գնա, քանի որ իշխանությունը դեռևս շարունակում է նրան կերակրել հների նկատմամբ իրականացվող թամաշայով, և պողոսը մեծ հաճույքով այն մարսում է՝ «բա չպատժվե՞ն, բա փողերը հետ չտա՞ն և այլն»: Վերնատան 4-րդ խնդիրը՝ նրան դժվար թե միանա միակ քաղաքացիական ուժը, որ կարող է դիմագրավել Նիկոլի իշխանությանը՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ծավալված շարժումը՝ պատճառը տես 3-րդ կետում՝ Ամուլսարի խնդիրը բացվել է հների օրոք:

Վերնատան գոյության անիմաստության 5-րդ գործոնը՝ հարթակին չի միանա իրավապահ համակարգը, որը միակ ռեալ ուժն է, որ կարող է պահել իշխանությունը կամ գցել այն՝ դա է մարդկային պատմության՝ հեղափոխությունների և հեղաշրջումների, դասը (եթե, ինչպես ասվեց, պողոսները չեն շարժիչ ուժը): Բայց այսօր իրավապահ համակարգը կարող է միանալ Ամուլսարի շարժման կողմնակիցներին, և այդ պատճառով որևէ հակաճառություն չընդունող Փաշինյան անձնավորությունը զգուշանում է այդ համակարգը ընդդեմ բնապահպանների օգտագործելուց:

Իսկ ի՞նչ կարող է անել Վերնատունը՝ հավաքվել, խոսել, քննարկել և սպասել այն օրվան, երբ մեկ այլ ուժ կընդվզի ընդդեմ իշխանության և միանալ դրան, և կամ հավաքվել, խոսել, քննարկել և սպասել հաջորդ ընտրություններին, եթե, իհարկե, գրագետ և յուրաքանչյուրն իրեն վարչապետ զգացող մարդիկ դեռևս 4 տարի կկարողանան լեզու գտնել իրար հետ:

ՀԳ. Ներողություն, եթե ստացվեց շատ խիստ և ոչ հաճելի, սակայն այդպիսին է իրականությունը՝ բացառությամբ հեղափոխությամբ (ներքին կամ արտաքին ուժի դեմ) առաջացած էյֆորիկ կարճ ժամանակաշրջանների»:



Նման նյութեր