ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 31-ամյա և 25-ամյա երկու բնակիչ, կեղծ փողեր ձեռք բերելու և իրացնելու նախնական համաձայնությամբ, անհայտ անձից ձեռք են բերել և իրենց մոտ պահել ընդհանուր տասնվեց հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի սկզբներին Երևան քաղաքում գործող բանկերից մեկի տարբեր մասնաճյուղերում մաս-մաս իրացրել են, ինչպես նաև կատարել են կանխիկացման փորձ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա և 25-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: