Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանին Հայաստանից արտաքսելու պատմությունը նոր, հետաքրքիր և մի քիչ անհեթեթ մանրամասներով է լրացել։ Հովհաննիսյանն աշխատում է «Օրբելի» վերլուծական կենտրոնում, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, բայց հիմա պարզվում է, որ երիտասարդը սպառնալիք է ներկայացնում։ Ընդ որում, Հայաստանի ազգային անվտանգությանը և հասարակական կարգին։
Նոյեմբերի 11–ին Հովհաննիսյանը գործուղման էր մեկնել Տաջիկստան` համաժողովի։ Նոյեմբերի 16–ին Երևան վերադառնալիս նրան արգելել են մուտք գործել երկիր։ Քաղաքագետին 12 ժամ պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և հետո արտաքսել Ռուսաստան։
Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում բացատրել է պատճառները, որոնց հիման վրա նրան արգելել են մուտք գործել Հայաստան։ Նշվել է, որ լրացել է նրա կացության քարտի ժամկետը։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պատշաճ կարգով ծանուցել է նրան ժամկետը լրանալու մասին, սակայն, Հովհաննիսյանի խոսքով, ծանուցումը նրան ուղարկվել է այլ հասցեով, և արդյունքում նա չի ստացել դա։
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիային հաղորդեց, որ վարչությունն ուղարկել է փաստաթղթերը Հովհաննիսյանի նշած հասցեով։ Վարչության պետն իր պարզաբանումները ներկայացրել է նաև Հովհաննիսյանի հետ անձնական նամակագրության ժամանակ, և նրա կողմից ոչ մի առարկություն չի եղել։ Բացի դրանից, ժամկետանց կացության քարտը չի կարող պատճառ լինել, որ արգելեն օտարերկրացուն մուտք գործել Հայաստան, իսկ դրանից հետո էլ արտաքսել։
Պարզվել է, որ արտաքսման պատճառն այլ է։ Արտաքսումից երեք օր հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է` «Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»։
Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն։ Ըստ դրա` օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
Միայն հատուկ ծառայությունները գիտեն, թե ինչպես և ինչու է Հովհաննիսյանն ընկել այդ օրենքի ազդեցության տակ։ Տվյալ դեպքում հետաքրքիր է նաև այն հարցը, թե ինչպես է երկրի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող մարդը կարողացել տեղավորվել կառավարամետ վերլուծական կենտրոնի տաք թևի տակ, որտեղ զբաղվել է Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի ուսումնասիրությամբ։
Մենք փորձեցինք կապվել կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ։ Պարզվել է, որ նա գործուղման մեջ է, իսկ կենտրոնի աշխատակիցը հրաժարվեց մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ դրա համար լիազորություններ չունի։
ԱԱԾ հայտարարությանը Facebook–ի իր էջում արձագանքել է անձամբ Հովհաննիսյանը` բացարձակ սուտ անվանելով դա։ Նրա խոսքով` ինքը պատրաստ է առաջին չվերթով վերադառնալ Հայաստան, եթե մուտք գործելու արգելքը հանվի։ Եվ եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ նա վտանգ է ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք է գործել ուղղված հայոց պետականության դեմ, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել օրենքով սահմանված կարգով։