«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի Գյումրու դեպոյի մեքենավարները նամակ են հղել ՀՀ վարչապետին, ինչպես նաև Դատախազությանը և ԱԱԾ-ին` դժգոհելով, իրենց կարծիքով, ընկերության ղեկավարության կողմից խտրական քաղաքականությունից։
Բանն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև: Տվյալ ծրագրի շրջանակներում «Ռուսական երկաթուղիների» մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում: Սրանից էլ դժգոհում են տեղի մեքենավարները` նշելով, որ իրենց ռուսաստանյան գործընկերներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, և երկրորդ` իբրև թե փորձ է արվում իրենց համակարգից աստիճանաբար հանելու։
ՀԿԵ–ում այս կապակցությամբ նշում են, որ իրականում ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինելու: Նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են «Ռուսական երկաթուղիների» ձեռնարկություններ:
«Այդ ծրագրի մասին հայտնել էր ՌԵ ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկոմոտիվային բրիգադների ներկայացուցիչները ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերն ավելանալու հարցը», – գրված է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ։
Ավելին` եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների ծանրաբեռնվածությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի այն ավելացել է մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղում» մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիր:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am