Կոտայքի մարզի զինկոմիսարիատում երեկ արտառոց դեպք է եղել։ Զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկի դեմքին ու փախել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`զինկոմիսարիատի աշխատակիցը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինկոմիսարիատի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը։
Իրավապահները կարճ ժամանակում պարզել են երիտասարդի ինքնությունն ու գտել նրան, իսկ այժմ պարզում են կատարվածի մանրամասները։ Մեր տեղեկություններով՝վնասվածք ստացած տղամարդը աշխատում է զինկոմիսարիատի զորակոչային բաժնում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին լուրը` ասելով, որ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
«Բացատրական աշխատանքներից հետո նա եկել է ոստիկանություն ու խոստովանել արարքի մասին»,–հայտնեցին ոստիկանությունից` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմանում։