Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կոչ է արել հրաժարվել WhatsApp-ից, քանի որ այս մեսենջերը շատ վտանգավոր է ու խոցելի։ Նրա խոսքով՝ այն հատուկ ստեղծվել է, որպեսզի գաղտնի հետևի օգտատերերի սմարթֆոններում պահպանվող նկարներին ու վիդեոներին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
WhatsApp-ն օգտատերերի տվյալները չափազանց խոցելի է դարձնում հաքերների ու պետական հատուկ ծառայությունների համար։ Ընդամենը մեկ տեսանյութ ուղարկելով՝ հաքերները կարող են տիրանալ օգտատերերի տվյալներին։ Դուրովի պնդմամբ՝ Facebook ընկերությունը, որին էլ պատակնում է WhatsApp-ը, տվյալներ է հավաքագրում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար։
«Անկախ WhatsApp-ի իրական նպատակներից, եթե չեք ցանկանում, որ ձեր հաղորդագրություններն ու լուսանկարները մի գեղեցիկ օր հասանելի դառնան բոլորին՝ ջնջեք WhatsApp-ը ձեր սմարթֆոնից»,- գրել է նա։
Նշենք, որ հոկտեմբեր սկզբին WhatsApp-ը վերացրել է խոցելիություն, որի շնորհիվ հաքերները վնասաբեր GIF-երի միջոցով հասանելիություն էին ստացել օգտատերերի սմարթֆոնների տվյալներին։