Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.
«Իրանում խառն է՝ կարդացի ու դուրս եկա:
Երթուղայինում իրանցի տղամարդ ու կին էին նստած. երկրորդ զանգվածում շատ կան իրանցիներ: Կինը ամբողջովին սպիտակի մեջ էր: Մազերը դեղնասպիտակ ու գզած, սպիտակ արհեստական կիսամուշտակով, սպիտակ ջինսով՝ տակը մի քիչ ծալած ու հոդի այն հատվածը, որ չպիտի երեւար, երեւում էր ու մաշկը սպիտակ էր, եւ սպիտակ սպորտային կոշիկ էր հագել: Եւ, անշուշտ, լավ ընդգծված մեյքափով: Կինն իրեն երջանիկ էր զգում, ազատ: Անգամ ոտքը ոտքին էր գցել: Հետո իջան, տղամարդուն թեւանցուկ արեց ու իրենից գոհ քայլում էր, բայց ինքնավստահության ակնհայտ պակասով. գլխաշորից ու մուգ հագուստից հետո անգամ երազած արդուզարդը կարող է մերկությունդ անվստահ ծածկել: Շատ պարզ է, չէ՞ , մեզ համար: Իր համար գտնված էր, մի քիչ շփոթեցնող, բայց գտնված. կինը ինքնադրսեւորվել էր՝ որպես մի թաքնված կոկետուհի:
Կինը երջանիկ էր, իսկ Իրանում խառն է:
Մի քիչ ազատություն տվեք էդ մարդկանց, թարմ օդը դեռ ոչ մեկին չի խանգարել»: