Խոշտանգող ոստիկանները եղել են ՀՀ ոստիկանապետի ներկայիս պաշտոնակատարի ենթակայության ներքո՞. factor.am
Advertisement 1000 x 90

Խոշտանգող ոստիկանները եղել են ՀՀ ոստիկանապետի ներկայիս պաշտոնակատարի ենթակայության ներքո՞. factor.am

Factor.am-ի տեղեկություններով նախօրեին համացանցում հրապարակված շոկային տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են Ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով ոստիկանները հակագազով խոշտանգում մի քաղաքացու, տեսագրվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ մոտ 5 տարի առաջ։

Խոշտանգող ոստիկանները եղել են քրեական հետախուզության աշխատակիցներ։ Այդ ժամանակ ՀՀ Ոստիկանության պետի այսօրվա պաշտոնակատար Արման Սարգսյանը  զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետի պաշտոնը, իսկ քրեական հետախուզության  տարածքային բոլոր բաժին-բաժանմունքների աշխատակիցները ի պաշտոնե  ուղղակիորեն ենթարկվել են  Գլխավոր քրեական հետախուզության վարչությանը։

Մեր աղբյուրների պնդմամբ՝  Արման Սարգսյանը տեղյակ է եղել այդ խոշտանգումից, որն, ի դեպ, միակ դրվագը չի եղել։ Ավելին՝ տեսանյութում երեւացող խոշտանգող ոստիկանները ներկայումս բարձր պաշտոններ են զբաղեցնում Ոստիկանության համակարգում։ Այս տեղեկությունների շուրջ մեկնաբանություն խնդրեցինք Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք կատարվել է խոշտանգող ոստիկանների նույնականացում։ «Ներքին անվտանգության վարչությունը ստուգումներ է իրականացնում, բացի այդ զբաղվում է նաեւ ՀՔԾ-ն։ Քննության շրջանակներում կճշտվի եւ հրապարակման ենթակա տեղեկատվությունը կհրապարկվի»,- փոխանցեց Ահարոնյանը։ Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ  Ոստիկանութան պետի պաշտոնակատար Ա․ Սարգսյանը տեղյակ է եղել խոշտանգման նշված դեպքից, այդ մասին Աշոտ Ահարոնյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

factor.am