Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետների հետ համատեղ հաջող կիբեռգրոհ են ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ այսպես կոչված Amaq լրատվական գործակալության վրա: Նոյեմբերի 25-ին այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բելգիայի հատուկ ծառայությունների աղբյուրներ:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ գործողությունը, որի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, կատարվել է նոյեմբերի 21- 22-ը: Դրա արդյունքում հաջողվել է արգելափակել այդ ռեսուրսի հետ կապված մի քանի հազար օգտահաշիվներ:
Amaq-ի գործունեությունը 2018 թվականին արդեն հաջողվել է խափանել, սակայն ԻՊ-ն կարողացել է մի քանի ամսվա ընթացքում վերականգնել իր լրատվական ռեսուրսի աշխատանքը: ԻՊ-ի հետ կապված լրատվական կայքերը ԵՄ-ում և ԱՄՆ-ում ներառված են արգելված ռեսուրսների ցանկերում, որոնք ենթակա են արգելափակման: