Արագածոտնի մարզում համաներումով ազատված երիտասարդը վարսավիրանոցի դիմացից առևանգել է բժշկականի ուսանողի ավտոմեքենան ու վթարի ենթարկվել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արագածոտնի մարզում համաներումով ազատված երիտասարդը վարսավիրանոցի դիմացից առևանգել է բժշկականի ուսանողի ավտոմեքենան ու վթարի ենթարկվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում՝ գյուղի դպրոցի դիմաց, ВАЗ 2106 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան վթարի է ենթարկվել և կա տուժած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Բաղյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկանների ժամանումը, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ապա քաղաքացիների օգնությամբ տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, ով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ոչ թե ավտոմեքենայի իրական տերն է, այլ նա հափշտակել է ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին. «Ավտոմեքենայի տերը, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, այցելել գյուղի վարսավիրին, որպեսզի մազերը կտրի և սափրվի:

Այդ ժամանակ վարսավիրանոց է մտել այդ երիտասարդը և հարցրել, թե արդյո՞ք մոտակայքում տաքսի կա կամ տաքսու սերվիս կա ու երբ նրան ասել են, որ սա վարսավիրանոց է, ոչ թե տաքսու սերվիս, նա քթի տակ ինչ-որ բառեր է ասել ու դուրս եկել: Դրանից հետո մեքենայի տերը, ով Ոսկեվազ գյուղից է, շարժիչի ձայն է լսել և վարսավիրանոցից դուրս գալով, տեսել է, որ ավտոմեքենան փախցրել են: Միանգամից վարսավիրի հետ փորձել են հետապնդել նրան ու այդ ընթացքում էլ կատարվածի մասին ահազանգել իրավապահներին:

Վարսավիրանոցից դուրս գալով՝ հայտնաբերել են ավտոմեքենան արդեն վթարված ու բժշկականի ուսանողը, ցուցաբերելով մարդկային մոտեցում, նախ առաջինը՝ մոռանալով իր առևանգված ու վթարված ավտոմեքենայի մասին, ընկերների հետ բժշկական օգնություն է ցուցաբերել առևանգողին, որից հետո էլ օգնել է շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզի ոստիկանապետը, Աշտարակի ոստիկանապետը, փորձաքրեագետն ու ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի տիրոջ և առևանգողի ինքնությունը:

Դեպքի վար են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր ոստիկանների հետ ծառայություն են կատարում, որպեսզի փորձաքրեագետն ու հետաքննիչը ավարտեն իրենց աշխատանքը: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան առևանգողը նախկինում եղել է դատապարտված և վերջերս է համաներմամբ ազատ արձակվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com