Գայանե Աբրահամյանն ընդունել է մարտահրավերը. մարաթոնը շարունակվում է
Advertisement 1000 x 90

Գայանե Աբրահամյանն ընդունել է մարտահրավերը. մարաթոնը շարունակվում է

«Ինձ համար արդյունքն իրական աշխատանքն է և հնարավորինս շատ անձանց ներգրավվածությունը։ Այս առումով «Հայաստան» հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնն աննախադեպ էր, հատկապես հայաստանցիների մասնակցության ցուցանիշով»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գոհ է մարաթոնի արդյունքներից, նաև ինչո՞ւ նախորդ տարիներից ավելի չի հավաքվել՝ հաշվի առնելով հեղափոխության ոգևորությունը և ՀՀ իշխանությունների հանդեպ վստահության աճը։

Ըստ նրա՝ այս պահի տվյալներով sms-ով ու զանգերով գումար է նվիրաբերել ավելի քան 50.000 հայաստանցի, նաև օնլայն համակարգն է չափազանց ակտիվ աշխատել. «Սա ակնհայտորեն վստահության բարձրացման ցուցիչ է։ Շատ կարևոր է, որ փոխվում է դրամահավաքի կոնցեպտը և անհատ խոշոր դոնորների փոխարեն կամ նրանց հետ մեկտեղ, հիմնադրամի նվիրաբերումը դառնում է իրական համահայկական աջակցություն, շատ ավելի նշանակալի է տասը հազար հայի տված տասը դոլարը, քան ասենք մեկ խոշոր գործարարի 1 մլն-ը։ Սա գաղափարախոսության էական տարբերություն է ու հիմնադրամի աշխատանքների նկատմամբ հանրային վստահության բարձրացման հետ մեկտեղ հանրային ներգրավվածությունն ավելի մեծանալու է։ Ի դեպ, պետք է շեշտել նաև, որ նախորդ տարիներին, այո՛, տրվում էր մեծ գումարների խոստումներ, բայց հարց է, թե դրանց քանի տոկոսն էր ի վերջո իրականություն դառնում։ Ամեն տարի առնվազն 2-3 մլն դոլարի խոստում այդպես էլ չէր հասնում տեղ, իսկ այս տարվա գումարները հիմնականում հենց տեղում հավաքագրված և փոխանցված միջոցներն են»։

Գ.Աբրահամյանի խոսքով՝ դրամահավաքը միայն հեռուստամարաթոնով չի ավարտվում. «Ողջ տարվա ընթացքում տարբեր ծրագրեր են իրականացվելու։ Ես ևս արդեն հայտարարել եմ, որ ամեն ամիս 1000 դրամի մուտք եմ անելու՝ միանալով Հիմնադրամի մեկ բաժակ սուրճի մարտահրավերին։ Վարչապետի մարտահրավերներն արդեն ընդունել են աշխարհահռչակ հայերը, այնպես որ մարաթոնը դեռ շարունակվում է»։

newarmenia.am