«Մինչեւ հաջորդ տարվա մայիս կմշակվեն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ «Համատիրության մասին» օրենքների նախագծեր, որով նախատեսվում է ավելի ամբողջական եւ արդյունավետ կարգավորել այս ոլորտը։ Այդ մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ ընդգծելով, որ համատիրությունների մասով ձգտելու են ունենալ ավելի մասնակցային կառավարում։
Նույն հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանի կարծիքով, մեր երկրում օրենքի գործելու հետ կապված նախկինում խնդիր ենք ունեցել, հետեւաբար, այս ոլորտին վերաբերող օրենքները պետք է փորձել գործի դնել, որպեսզի հետո պարզ դառնա, թե ինչն է ենթակա փոփոխման։ Նա կարեւորեց ՏԻՄ-երի հետ համագործակցությունը։
«Ծարավ Աղբյուր» համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանը կարծում է, որ այսօրվա օրենքները հնարավորություն են տալիս իրականացնել արդյունավետ կառավարում, իսկ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքը եզակի ժողովրդավար օրենքներից մեկն է Հայաստանում, քանի որ հնարավորություն է տալիս ունենալ կառավարման մի քանի ձեւ։ Օրենսդրական կարգավորումներից բացի կարեւոր է նաեւ սեփական իրավունքների վերաբերյալ բնակիչների տեղեկացվածության բարձրացումը։ «Մարդկանց թվում է, թե քաղաքապետարանը պետք է իրենց մուտքը վերանորոգի կամ վերելակը մաքուր պահի։ Բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենք են որպես սեփականատեր որոշումներ ընդունողները՝ սկսած կառավարչի ընտրությունից մինչեւ համատիրության ստեղծում եւ լուծարում»,- ասաց համատիրության նախագահը՝ ընդգծելով, որ ամենալավ օրենքն ու կառավարման լավագույն մոդելն անգամ արդյունավետ չեն լինի, քանի դեռ չկա բնակիչների պատասխանատվության զգացումը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։