Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում երեխաները դեռ խաղում են 1988-ի երկրաշարժի հետևանքով քանդված շենքերի ավերակների մեջ: Թուրքական սահմանի մոտ գտնվող, շուրջ 120 000 բնակիչ ունեցող քաղաք Գյումրին կամաց-կամաց վերակառուցվում է: Ծնողները սակայն ասում են, որ այգիներն ու խաղահրապարակները հիմնականում մնում են անտեսված:
Նրանք քիչ հնարավորություններ ունեն: Կամ երեխաներին թողնում են խաղալ փողոցում՝ ջարդոնների ու աղբի մեջ, կամ պահում ներսում, որտեղ երեխաներն առցանց համակարգչային խաղեր են խաղում:
Մասնագետները զգուշացնում են՝ երկու դեպքում էլ երեխաները տուժում են:
«Առողջ մանկություն ունենալու համար Գյումրին չունի պայմաններ, ցեխի, փոշու մեջ են երեխաները խաղում»,- ասում է «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Լիլիթ Գյունաշյանը:
Երկրաշարժից ծանր հարվածներ ստացած Արագած թաղամասի երեխաները խաղում են ինը հարկանի շենքի փլատակների մեջ: Տեղի բնակիչների խոսքով բակում ցեխի, առնետների ու փլատակների պատճառով երեխաները դժվարանում են խաղալու համար անվտանգ տեղ գտնել:
11-ամյա Ստյոպան, ով ապրում է հարևանությամբ, ասում է, որ երեխաները հաճախ խաղում են ավերակների մեջ: Նա հիշում է, թե ինչպես մի օր մի երեխա ընկավ և ճակատը վնասեց:
Թաղամասն ինքնին կարծես երկրաշարժին հաջորդող օրերը պատկերի: Բազմաբնակարան շենքը ստվերում է փոքրիկ տնակները: Մի քանի քայլի վրա 30-ամյա շինհրապարակ է՝ լցված աղբով և մետաղալարերով:
Երեխաները գիտեն՝ ինչ հնարք օգտագործել ցեխի ու կեղտի միջով անցնելու և երկաթյա մահճակալից պատրաստված ճոճանակին հասնելու համար:
Ամբողջությամբ՝ chai-khana.org