Տաքսիստը ճմլկոտելով առաջին կանչին է ելնում՝
մտքի մեծ ծխախոտը, որ պետք է ներքաշի
պատվերների արանքում երևանյան մշուշի հետ
միջին դասին գործերով ցրելու միջակայքերում
և խցանումներից մի հանգի բողոքելուն զուգահեռ։
Շրջայցերի ու գլխավորից բամբասելու արանքում
կեսաջք քնած բուժանձնակազմը առողջ ժպտում է
բոլոր տնքտնաքցող հիվանդներին ակնարկելով
որ ակնհայտորեն չափազանցված են
նրանց անմարդկային տառապանքները –
50 մգ նապրոկսեն միջմկանային սրան։
Վաճառողը հորանջելով սիրունացնում է
տաք օրերից խնայված ընդեղենի բուրգերը՝
տիեզերքի վեց քառակուսիանոց սեգմենտը
վստահված իր բարեգութ հոգածությանը։
Երկրի բոլոր գիշերային պահակները
օդափոխում են ճենջահոտն իրենց խցերի
և զգոնություն ձևացնող դեմքով
էժանանոց սուրճի մրուրը ֆռթցնում
քանի դեռ չի նշմարվել ավտոն շեֆի։
Անկողնու տաքը դեռ մաշկի տակ՝
սիրունանում են ուսուցչուհիները
սերունդներին կրթելուց առաջ։
Ստատուսչին պարտավոր է փաստել
չապրվող երկուշաբթիների անկապությունը
համեմելով քոչարյանի ու ձմռան մասին
արդեն ձանձրացնող հումորներով։
Երիտասարդ ընդդիմադիր քաղգործիչը
նոր պարզված փաստերն է համադրում
ցնցող հայտարարության համար
և մի քիչ հարմարացնում չհամադրվողները,
որովհետև ճշմարտության բարձրաձայնումը
ժողովուրդին զվարճացնելու մի կերպ է
անայլընտրանք գործ է, որը պետք է արվի։
Սեղմագիր տերունական աղոթքից
և երեցկնոջը թաքուն օդային պաչիկից հետո
տեր հայրը ձեռագիր ծոցատետրից
կնունքների ու հարսանիքների գրաֆիկն է
անց կազցնում գուգլ կալենդար
ու արանքում պատուհան փնտրում
հոգեհանգստայան արարողություն խցկելու,
որ ցավոք նախապես չես պլանավորի։
Իսկ ե՞ս ինչ անեմ՝
հանրային բարիք արտադրելու համար –
երթամ ձեզի համար թիթեռ նկարագրեմ,
գարնան սպասումից փորիկում խլվլացող
գույնզգույն թիթեռնիկներ։
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: