Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում «Սպայկա» ընկերության հաշվեկշռում գրանցված բեռնատարը հսկայական փայտյա սյունը քարշ տալով տանում է։
Ճանապարհային ոստիկանները, մոտ 400 մետր հետևելով բեռնատարի վարորդին, «կանգ ա՛ռ» ազդանշան են տվել, որից հետո վարորդին տեղեկացրել են, թե ինչի համար են ավտոմեքենան կանգնեցրել: Վարորդն արդարացել է, որ ինքը չի նկատել, թե ինչպես է էլեկտրալարերով պատված սյունը հայտնվել իր մեքենայի վրա։
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ պարզում են, թե ճանապարհի որ հատվածից է բեռնատարը «գրկել», հիմքից պոկել ու քարշ տվել փայտե էլեկտրասյունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: