Երկու դատախազներն էլ ճիշտ չեն խոսում։ Այսօր «Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը` նշելով, որ իրեն թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։
Մինչ այդ Խաչատուրովի պաշտպանը դատարանին միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սահմանը հատելու արգելքը։ Դատախազներն էլ հայտարարել էին, թե նման արգելանք չկա։
«Հարգելի դատարան, երկու դատախազն էլ ճիշտ չեն խոսում: Ես կենդանի վկան եմ այն բանի, թե ինչպես Վրաստանի սահմանին ոստիկանության փոխգնդապետն ասաց. «Դուք ցուցակի մեջ եք»: Ոստիկանն ինձ ասաց. «Ես ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող թույլ տալ»: Ես ընդամենը ցանկանում էի գերեզմանոց այցելել։ Հորս, մորս և կրտսեր եղբորս շիրիմները սահմանից ընդամենը 3-4 ժամ հեռավորության վրա են»,– ասաց Խաչատուրովը։
Միջնորդությունը քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց այն` արձանագրելով, որ նման արգելք գործի նյութերով առկա չէ։
«Արձանագրում եմ, որ սույն քրեական գործի շրջանակներում նման արգելք կիրառված չէ։ Դատավարության որևէ փուլում Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելք չի կիրառվել։ Կիրառված չէ նաև մինչդատական վարույթում` հաշվի առնելով, որ գործում չկան այդ մասին վկայող փաստաթղթեր»,– ասաց Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Մարտի 1»-ի գործի առանձնացված մասով դատական հերթական նիստը: Գործով անցնում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը):