
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ պատկերացմամբ հայկական կողմը ձգտում է, որ բանակցությունները չտապալվեն, փորձ է անում ամեն գնով պահպանել հրադադարի ներկա վիճակը և առաջ շարժվել: Իսկ առաջ շարժվելը ոչ թե քննարկելն է որևէ փաստաթուղթ, այլ պարզապես գտնել որևէ փաստաթուղթ: Մինչդեռ ադրբեջանական կողմը կարծես թե հակված չէ հրադադարի պահպանմանը:
Նախ, մինչև բանակցությունների սկսելը հրապարակում է դիրքորոշում, որը, ըստ էության, վերջնագիր է, այնուհետև բանակցություններից հետո կրկին վերահրապարակում է նույն դիրքորոշումը, որն իրենից ենթադրում է ոչ այլ ինչ, քան ռազմական գործողությունների վերսկսում:
Պատերազմի վերսկսման դեպքում ոչ ոք իրավունք չունի Հայաստանին մեղադրել բանակցությունները տապալելու կամ հասարակությանը խաղաղության չնախապատրաստելու մեջ, քանի որ մինչև այս պահը հայաստանյան իշխանությունը մնում է իր խոստմանը հավատարիմ և հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով բանակցային սեղանի շուրջ:
Ադրբեջանի ռազմատենչ վերջնագիրը ոչ այլ ինչ է, քան պատերազմի վերսկսման մասին անուղղակի ծանուցում: Ինչ էլ լինի, ինչպիսի քաղաքական խորը հակասություններ էլ լինեն հայաստանյան քաղաքական դաշտում, անհրաժեշտության դեպքում պարզապես պարտավոր են բոլորը միանալ և միասնական պատվով դուրս գալ կրկին պարտադրվող պատերազմից…»:
ar