Գյումրեցիները ճիշտ էին, Մարինան՝ սխալ. դատախազը հերքում է երեխաներին վաճառելու լուրը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրեցիները ճիշտ էին, Մարինան՝ սխալ. դատախազը հերքում է երեխաներին վաճառելու լուրը. armeniasputnik.am

Գյումրու տնակներում բնակվող երեխաներին թուրքերին վաճառելու` Մարինա Խաչատրյանի հայտարարությունը որևէ հիմք չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը` նշելով որ իր հանձնարարությամբ հատուկ ուսումնասիրություն է արվել:

«Կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում  ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի «Մուշ 2» և «Կումայրի» բաժինների ծառայողների կողմից փաստական որևէ տվյալ ձեռք չի բերվել»,- ասաց դատախազը։

Ի դեպ, պարզվում է` Մարինա Խաչատրյանն ինքն էլ արդեն հաստատել է, որ հայտարարությունն արել է առանց փաստական տվյալների:

Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել  Մարինա Խաչատրյանի հետ, որի ընթացքում նա հայտնել է, որ ստույգ տեղեկությունների չի տիրապետում՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ իրեն ոչ ոք չի ահազանգել, կոնկրետ անձանց տվյալներ չի կարող նշել, և որ իր ասածն օդում պտտվող լուրեր են։

Sputnik Արմենիայի հարցին, թե նման դեպքերում, երբ անհիմն հայտարարություն է արվում, չկա՞ համապատասխան պատիժ, մարզի դատախազը պատասխանեց, որ այդ պատիժը կլիներ, եթե Մարինա Խաչատրյանն ասած լիներ, որ ունի հստակ փաստեր:

Հիշեցնենք` օրեր առաջ «Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության  նախագահ Մարինա Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Գյումրու տնակներում բնակվող մեր քաղաքացիները հենց տնակներից թուրքերին են վաճառում իրենց երեխաներին. մայրերին համոզում են ու երեխաներին վաճառում:

Խաչատրյանի այս հայտարարությունը բուռն արձագանքի էր արժանացել հատկապես գյումրեցիների շրջանում, ովքեր նշել էին, որ նա իր սկանդալային հայտարարությամբ պիտակավորոլ է մի ամբողջ քաղաք։

ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշել էր, որ հանգամանքները պարզելու խնդրով դիմել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Նա էլ ի պատասխան նշել է, որ ասուլիսի այդ հատվածն ուղարկել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որպեսզի ձեռնարկեն ստուգողական, օպերատիվ գործողություններ` ասուլիսում հայտարարված հանգամանքները պարզելու համար։

armeniasputnik.am