Տասերորդ դարի հայ պատմիչ Թովմա Արծրունին հետաքրքիր նկարագրություն է թողել, թե ինչպես է 854 թվականին արաբ զորավար և Արմինիայի ոստիկան Բուղան որպես Վասպուրականի իշխան թագադրել Գուրգեն Արծրունուն։
Գուրգենը շքախմբով այցելում է Բուղայի բանակատեղին, նրա առջևից տանում են Արծրունիների դրոշն ու զինանշանը։ Ոստիկանը նրա գլխին իշխանական թագ է դնում և իշխանական պատմուճան գցում ուսերին։ Ապա սուր է կապում Արծրունյաց իշխանի մեջքին ու նստեցնում զարդարված ջորու վրա։
Շքախմբի առջևից ու հետևից տանում են զարդարված ու զենքերով սպառազինյալ ձիեր։ Փողերից, թմբուկներից, երաժշտական այլ գործիքներից նվագում էին ու շքախումբն անցնում էր երաժշտության հնչունների ներքո։ Շքախումբն անցնում էր սակրերով ու նիզակներով զինված շարքի մեջտեղով․․․
Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից: