Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան, բայց տրամադրությունը՝ լավատեսական է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:
«Հիմա արդեն աշխատելու և այդ արդյունքները վերջնական տեսքի բերելու ու ցույց տալու ժամանակն է: Այսօր 3600 տնակ ունենք և 3600 ընտանիքի ճակատագիր: Փոփոխությունները կան, և մենք աշխատում ենք, որ այդ փոփոխությունների վերջնարդյունքում հասնենք այն կետին, որ գյումրեցին մեջքը շտկված ապրի, արարի ու գնա առաջ»,-նշեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ տնակում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասով պետք է առանձին՝ անհատական մոտեցում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ այս տարիների ընթացքում բնակարանաշինական ու սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին քաղաքում, բայց աղետի թողած հետքերն այնքան մեծ էին ու խորը, որ դրանք ամբողջությամբ վերացնել մինչև օրս չի հաջողվում: «Չլուծված բազմաթիվ խնդիրներ, որ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, իսկ դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցների ու քայլերի ուղղությամբ կատարվող աշխատանքները մեր առօրյայի հիմնական բաղադրիչը: Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Գյումրին շարունակում է վեր հառնել՝ նախանշելով հպարտ գյումրեցու աննկուն կամքն ու արարելու ձգտումը: Անցնող տարիներին հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, չընկճվել ու չընկրկել, նույն ոգով շարունակելու ենք ապրել ու արարել»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան