ՉԺՀ-ն երեք տարի անց կհրաժարվի արտասահմանում արտադրվող համակարգչային տեխնիկայից. Financial Times
Advertisement 1000 x 90

ՉԺՀ-ն երեք տարի անց կհրաժարվի արտասահմանում արտադրվող համակարգչային տեխնիկայից. Financial Times

ՉԺՀ-ի կառավարությունը կարգադրել է երեք տարի անց ամբողջովին հրաժարվել պետական հաստատություններում և հասարակական կազմակերպություններում համակարգչային սարքավորման և ծրագրային ապահովման օգտագործումից, որոնք ստեղծվել են երկրի սահմաններից դուրս: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Առաջին հերթին կփոխարինվի ամերիկյան այնպիսի ընկերությունների տեխնիկան, ինչպիսիք են՝ HP-ը, Dell-ը և Microsoft-ը: Դրան փոխարեն կառավարությունը պլանավորում է օգտագործել Lenovo չինական ընկերության տեխնիկան:

Առանձին վերլուծաբանների տվյալներով՝ չինական համարժեքներով փոխարինման են ենթակա 20-30 միլիոնից ավելի էլեկտրոնային սարքեր: Փոխարինումը տեղի է ունենալու աստիճանաբար. այսպես, 2020 թվականի ընթացքում պլանավորվում է փոխարինել արտասահմանյան արտադրության համակարգիչների մոտավորապես 30 տոկոսը, 2021 թվականին՝ շուրջ 50 տոկոսը, 2022 թվականին՝ մնացած 20 տոկոսը:

Ինչպես նշում է հրատարակությունը, այդ միջոցառումը կառավարության մեծ արշավի բաղկացուցիչ մասն է, որը նպատակամիտված է հայրենական համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը և օտարերկրյա տեխնոլոգիաներից կախվածության թուլացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի գերատեսչությունների կողմից չինական Huawei և ZTE ընկերությունների արտադրած սարքավորումների օգտագործման արգելքի ֆոնին: