Սյունիքում 7%-ը խանութ գնալիս բազմակի օգտագործման տոպրակներ է վերցնում
Advertisement 1000 x 90

Սյունիքում 7%-ը խանութ գնալիս բազմակի օգտագործման տոպրակներ է վերցնում

Չեխական People in Need հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակը Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ նախաձեռնել և իրականացնում է պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ծրագիր: Ծրագիրը կոչվում է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» և նպատակ ունի վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը ու ձեռք բերել նոր սովորույթ. օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից՝ հնարավորինս շատ հրաժարվելով պլաստիկ տոպրակների կիրառումից: Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել նաև արտերկրյա մասնագետներ՝ համապատասխան հմտությունների փորձի փոխանակման համար:

Ծրագիրը, ինչպես syuniacyerkir.am-ն է գրում, իրականացվում է Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքներում, սակայն այն արդիական է յուրաքանչյուրի համար:

«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում պարզ է դարձել, որ Սյունիքում գնումներ կատարողներից միայն 7%-ն է խանութ հաճախելիս իր հետ վերցնում բազմակի օգտագործման տոպրակ։ Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ։

Խրախուսելով հանրության լայն զանգվածներին՝ կրճատել պլաստիկ տոպրակների օգտագործումը և գնումներ կատարելիս հնարավորության դեպքում հրաժարվել վերջիններից, ծրագրի հեղինակները պատրաստել են նաև հետաքրքրաշարժ կոլորիտով գրպանի, թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար:

People in Need գրասենյակից հայտնում են նաև, որ բազմակի օգտագործման տոպրակներ են նվիրել նաև գործընկեր կազմակերպություններին և խրախուսում են բոլորին սովորույթ դարձնել վերջիններիս օգտագործումը։ Եթե յուրաքանչյուր կազմակերպություն նման կորպորատիվ մշակույթ որդեգրի թեկուզ ընդմիջման ժամանակ գնումներ կատարելիս, ապա Հայաստանում պլաստիկի կրճատումն ու դրական փոփոխությունը ակնհայտ կդառնա։

Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավին միացել են նաև հայտնի դերասաններ, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:

armradio.am