Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցից այսօր կեսօրին մոտ դանակահարված վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դպրոցի աշակերտներից մեկը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել դասի ժամանակ։ Համադասարանցիների միջև ինչ-ինչ պատճառներով վեճ է ծագել, որն ավարտվել է նրանցից մեկի դանակահարությամբ։
Տուժած պատանին 11-րդ դասարանի աշակերտ է։
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում հրաժարվեցին պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին` պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չէ, իրենք էլ իրավասու չեն։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ պատանին դանակի երկու հարված է ստացել, այս պահին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը միջին ծանրության է։
«Ունի որովայնի առաջնային պատի կտրած–ծակած, չթափանցող վերք և աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած–ծակած վերք»,– հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները։ Հայտնում են, որ հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։