Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը հարվածած և պագամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել, ըստ որի’ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս անձը՝ Գյումրու բնակիչ 23-ամյա երիտասարդը, դեկտեմբերի 10-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։