Վահե Դավթյանը ֆեյսբուքում գրել է.
«Կարդացի Ալեն Սիմոնյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ ժամերի փոփոխությանը վերաբերող օրինագծի մասին ու ակամայից հիշեցի, որ դեռ հունվարին՝ ԱԺ ընտրություններից հետո, պարոն Սիմոնյանը հայտարարում էր, որ խորհրդարանական օրակարգ է բերելու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հարցը: Խոստանում էր անգամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ (https://armenpress.am/arm/news/960590.html):
Փաստորեն, խոսքը սրա մասին էր: Ակնկալվում է, որ դա «հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք»:
Նախ՝ ֆիքսենք, որ ժամերի փոփոխությունը որևէ աղերս չունի սակագնային կարգավորման հետ, պարզապես գործի է դրվում «գոտիները սեղմելու» ու դրա շնորհիվ իբրև որոշ ռիսկերից խուսափելու սկզբունքը: Այս մոտեցումն, իհարկե, լիովին տեղավորվում է «Նոր տարվա սեղան մի գցեք, որ ավելի լավ ապրեք» ալոգիզմի մեջ: Սակայն կառավարման ոլորտում առնվազն մակերեսային գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ ինքնանպատակային խնայողությունն առանց համակարգային արդյունավետության բարձրացման ու առանց հետևողական մոդեռնիզացման չի կարող զարգացում ապահովել: Դա փակուղի է, որից դուրս գալն այնուհետև շատ դժվար է լինում:
Մյուս կողմից, սպառման խնդիրը ներկայումս անկյունաքարային է Հայաստանի էներգահամակարգի համար: Սպառման կայուն աճն այն գործոններից է, որ կարող է ազդել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի ու, հետևաբար, սակագնի իջեցման վրա:
Ինքս ի սկզբանե սկեպտիկորեն եմ գնահատել էլեկտրաէներգիայի սակագների օրգանական նվազեցման հեռանկարը, քանի որ համոզված եմ, որ Հայաստանի էներգետիկ համակարգի ու շուկայի գործող մոդելը պարզապես թույլ չեն տալիս երկրում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնել:
Ավելին՝ վարկային հսկայական բեռը, սպառման համեստ շուկան, արտահանման սահմանափակ հնարավորությունները, բարձր ինքնարժեքը, բարդ մրցակցային դաշտը հարևան Իրանում ու Վրաստանում, էներգաենթակառուցվածքների մոտ 40%-ի ֆիզիկական ու բարոյական մաշվածության բարձր աստիճանն առաջիկայում էապես սահմանափակելու են Հայաստանում սակագների աճի զսպման հնարավորությունները։
Այս առումով մոտակա տարիները ճգնաժամային են լինելու, ու պարզունակ խնայողությամբ խնդիրը լուծում չի կարող ստանալ»: