Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. pastinfo.am

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար 2019թ.-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք մրցույթին մասնակցելու համար դիմել է երեք քաղաքացի՝ Արման Ոսկանյանը, Նունե Մարտիկյանն ու Վարդան Գրիգորյանը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մրցույթին դիմած քաղաքացիներից մեկի՝ Վարդան Գրիգորյանի դիմումը մերժվել է, իսկ մյուս երկուսինը՝ ընդունվել:

Ուշագրավ է, որ 2019թ.-ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակված Արտյոմ Սմբատյանը չի մասնակցում մրցույթին:

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ եղած տվյալների համաձայն, Արտյոմ Սմբատյանի՝ մրցույթին չմասնակցելու պատճառն այն է, որ վերջինս չի համապատասխանում գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված օրենքով սահմանված պահանջներին: Փաստացի, շուրջ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանի պաշտոնավարումն ապօրինի է:

Նշենք, որ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Արտյոմ Սմբատյանի կենսագրությունը: Մինչդեռ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի կենսագրությունը՝ պատճառաբանելով, թե նրա անձնական գործը չի գտնվում նախարարությունում: Գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշվում է, թե գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը։ «Այսպիսով Արտյոմ Սմբատյանի փաստաթղթերը առողջապահության նախարարությունում չեն գտնվում , հետեւաբար չեն կարող տրամադրվել»,- նշված է պատասխանում։

Ասել է թե՝ Առողջապահության նախարարը գլխավոր քարտուղարի ապօրինի պաշտոնավարման մեղքը, ըստ էության, բարդում է կառավարության ղեկավարի վրա։

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արտյոմ Սմբատյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է և այդ պաշտոնում է նշանակվել նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նիկոլ Փաշինյանին հենց Թորոսյանն է միջնորդել, որպեսզի Սմբատյանին նշանակի գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկ այժմ փորձում է մեղքը բարդել է վարչապետի վրա: Առաջիկայում կփորձենք պարզել՝ արդյոք ՀՀ վարչապետը, նախքան Սմբատյանին նշանակելը, տեղեկացված եղե՞լ է, որ նա չի համապատասխանում օրենքի պահանջներին, թե՞ այդ փաստը թաքցրել են նրանից, խաբել:

Նկատենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ կոնկրետ պաշտոնյան նշանակվում է վարչապետի կամ նախագահի կողմից, յուրաքանչյուր պետական գերատեսչությունում գոյություն ունի կադրերի բաժին, որտեղ պահվում են բոլոր աշխատակիցների անձնական գործերը, նրանց ինքնակենսագրությունը, դիպլոմների պատճենները, գործուղումների և արձակուրդների մասին հրամանները:

Եվ եթե անգամ ԱՆ-ում աշխատակիցների վերաբերյալ անհատական գործեր չեն կազմվում, ապա Սմբատյանն այսօր եւս շարունակում է պաշտոնավարել որպես գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, հետեւաբար կենսագրությունը թաքցնելու հիմքեր չունենալու դեպքում Վ.Հակոբյանը պարզապես կարող էր վերադասից վերցնել այն։

Ընդգծենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը պարտադիր է համարում պաշտոնատար անձանց ոչ միայն ազգանվան հրապարակումը, այլ նաեւ կրթության, մասնագիտության վերաբերյալ տվյալների հրապարակումը, մինչդեռ նշված տեղեկատվությունը առողջապահության նախարարության կայքում բացակայում է։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ կառավարության կայքում վարչապետի աշխատակազմի ղեկավարի կենսագրությունը հրապարակված է։

«Փաստինֆո»-ն առաջիկայում ՀՀ կառավարությունից կփորձի պարզել՝ արդյոք ՀՀ վարչապետը նշանակման պահին տեղյա՞կ եղել է, որ Արտյոմ Սմբատյանը չի համապատասխանում պաշտոնի անձնագրին, թե նրան ևս մոլորեցրել են՝ կոծկելով անհամապատասխանության փաստը:

Աղբյուր` Փաստինֆո