Գիտնականները վտանգավոր մանրէներ են գտել դիմահարդարման միջոցների մեջ
Advertisement 1000 x 90

Գիտնականները վտանգավոր մանրէներ են գտել դիմահարդարման միջոցների մեջ

Դիմահարդարման միջոցները (սպունգներ, վրձիններ), ինչպես նաև թարթիչների ներկերը, աչքերի մատիտները, շուրթերի փայլը և շրթներկը ժամանակի ընթացքում աղտոտվում են վտանգավոր մանրէներով։ Այս մասին ասվում  է Journal of Applied Microbiology-ում հրապարակված հետազոտությունում։

Գիտնականների ստացած տվյալների համաձայն՝  կոսմետիկ միջոցների 90 տոկոսը վարակված է վտանգավոր մանրէներով, այդ թվում ոսկեգույն ստաֆիլոկոկով (Staphylococcus aureus), աղիքային ցուպիկով (Escherichia coli) և այլն։ Դրանք միշտ չէ, որ առաջ են բերում հիվանդություններ, բայց ստաֆիլոկոկն, օրինակ, կարող է ինչպես մաշկի թարախային հիվանդությունների, այնպես էլ կյանքի համար վտանգավոր թոքաբորբի ու սեպսիսի պատճառ դառնալ։ Միայն ԱՄՆ-ում այդ վարակի հետ են կապում տարեկան  մոտ 50 հազար մահեր։

Իսկ աղիքային ցուպիկը թեև մարդու աղեհամակարգում նորմայի մեջ է, բայց կարող է առաջ բերել հիվանդություններ՝ հայտնվելով այլ օրգաններում ու խոռոչներում (օրինակ՝ այն միզուղիների վարակի հիմնական պատճառն է)։ Դրա առկայությունը առարկաների վրա վկայում է կղանքային աղտոտվածության մասին։

Գիտնականները հետազոտել են 467 միջոց՝ 96 շրթներկ, 92 աչքի մատիտ, 93 թարթիչների ներկ և 79 սպունգ դիմահարդարման համար։ Նմուշներ, բնականաբար, վերցվել են ոչ նոր, այլ արդեն օգտագործված միջոցներից։

Պարզվել է, որ որքան բարձր է ջրի պարունակությունը դիմահարդարման միջոցներում, այնքան ավելի բարձր է դրանցում մանրէների առկայության ռիսկը։ Հետազոտության հեղինակներն առանձին նշել են, որ ձվանման սպունգներում առավել հաճախ հայտնաբերվում են սնկեր։

Հետազոտության հեղինակները որոշել են հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում կոսմետիկայի այդպիսի զանգվածային աղտոտումը ախտածիններով։ Պարզվել է, խնդիրը դրանց ոչ ճիշտ օգտագործումն է։

Կոսմետիկ արտադրանքի օգտագործման ժամկետը պայմանավորված է կոնսերվանտների կյանքի ժամկետով, որոնք պաշտպանում են այն միկրոօրգանիզմներից։ Ինչպես պարզվել է ոչ մեծ հետազոտության ընթացքում, որն անցկացվել է Բրազիլիայում, մարդկանց 97,7 տոկոսը շարունակում է կոսմետիկան օգտագործել պահպանման ժամկետը սպառվելուց հետո։

Իսկ նոր հետազոտությունում մասնակիցների 93 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի լվացել սպունգները, 64,4 տոկոսը դրանցից օգտվել է այն բանից հետո, երբ դրանք ընկել են հատակին։

Գիտնականներն ընդգծում են, որ անգամ մաքրումից հետո բարձր է այդ առարկաների աղտոտված մնալու ռիսկը։ Դիմահարդարման սպունգները կարելի է լվալ տաք օճառաջրով, բայց լավ չչորացնելը միայն նպաստում է միկրոբների բազմացմանը, նախազգուշացնում են գիտնականները։

med.news.am