«Արաբկիր» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:
Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը:
Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:
Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:
Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։
Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն: