Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին սպանողին. նա ոստիկանության ծառայող է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծին սպանողին. նա ոստիկանության ծառայող է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Զաքարյանի, Արտաշատի ոստիկանապետ Ռ. Ներսիսյանի և Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են Բեզոարյան այծի գլուխը՝ իր մորթիով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում, ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com