Ամանորի սեղանները կարող են մնալ առանց բանանի. որքանով է անվտանգ Հայաստան ներկրվողը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ամանորի սեղանները կարող են մնալ առանց բանանի. որքանով է անվտանգ Հայաստան ներկրվողը. armeniasputnik.am

Էկվադորից ներմուծվող բանանը կարող է վտանգավոր լինել։ Ահազանգը հնչեցրել է ՌԴ «Ռոսսելխոզնադզորը»` հայտարարելով, որ այդ երկրից Ռուսաստան ներկրվող բանանի խմբաքանակում հայտնաբերվել են սապատավոր ճանճեր։

Այդ միջատը հայտնի է որպես խոլերայի վարակ տարածող։ Դրա միջոցով կարող են վարակվել ինչպես տնային ու վայրի կենդանիները, այնպես էլ մարդիկ։

«Ռոսսելխոզնադզորի» տարածած հաղորդագրության համաձայն` 2019թ.-ի դեկտեմբերի 11-ին Էկվադորից Սանկտ Պետերբուրգ ներկրված բանանի երկու խմբաքանակներում հայտնաբերվել է վտանգավոր այդ միջատը, որը ԵԱՏՄ տարածքում գոյություն չունի։ Այդ միջատը հայտնաբերելիս` ներկրվող ապրանքի մուտքն արգելվում է։

«Սապատավոր բազմակեր ճանճի հայտնաբերման դեպքերը Էկվադորից ներկրվող բանաններում կրում են պարբերական բնույթ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Արդյունքում` Ռուսաստանը որոշել է ժամանակավորապես սահմանափակել Էկվադորից բանանի ներկրումը։

Հայաստանի սննդի անվտանգության պետական տեսչությունում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մեր երկրում սապատավոր ճանճի հայտնաբերման դեպքեր չեն գրանցվել։

«Ռուսաստանից ահազանգ ստանալուց հետո Հայաստանում ևս ուժեղացվել է հսկողությունը Էկվադորից ներկրվող բանանի նկատմամբ»,– ասաց ՀԱՊՏ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Էկվադորը Հայաստան ամենաշատ բանան մատակարարող երկիրն է։

ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով`2018թ.-ին Հայաստան ներկրված 22 858 տոննա բանանից 21 027 տոննան բերվել է հենց Էկվադորից։ Այս տարի ևս իրավիճակը չի փոխվել։ 2019թ.-ի առաջին կիսամյակում ներկրված 10 951 տոննայից 9 951–ը դարձյալ ներկրվել է Էկվադորից, մնացածը` Թուրքիայից, Իրանից, Կոստա Ռիկայից ու նույնիսկ Ռուսաստանից։

Ի դեպ, Ռուսաստանից այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել շուրջ 94 տոննա բանան, որը չի բացառվում, որ նույն Էկվադորից եկած ու ՌԴ–ում վերամշակված բանանը լինի, օրինակ` բանանի չրի տեսքով։

Թե որքանով բանանի շուրջ ստեղծված իրավիճակը կազդի բանանի նախաամանորյա առևտրի վրա, Հայաստան բանան ներկրող գործարարներն առայժմ չեն ցանկանում կանխատեսել։ Նրանք Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ տեղյակ չեն ՌԴ պետական կառույցի հայտարարության մասին ու նույնիսկ չբացառեցին, որ այն կարող է քաղաքական հիմքեր ունենալ։

armeniasputnik.am