Հարկերից ազատումը՝ հոբբին ավելի մեծ բիզնես դարձնելու նոր խթան. armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարկերից ազատումը՝ հոբբին ավելի մեծ բիզնես դարձնելու նոր խթան. armradio.am

Ընդամենը երկու շաբաթից ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ: Այն անհատ ձեռներեցները, ինքնազբաղվածներն ու ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները, որոնց ապրանքաշրջանառությունը չի անցնում 24 մլն դրամից, կազատվեն հարկերից։

Մասնագիտությամբ իրավաբան Սուրեն Բաբայանը Կապանում օճառագործությամբ է զբաղվում։ Հարկումից ազատվելու մասին լուրը ուրախացրել է նրան․

«Իհարկե լավ հնարավորություն է հարկումից ազատվելը։ Դա գումար է, որ կներդրվի միկրոձեռնարկատիրությունը զարգացնելու գործում։ Այս տարվա ապրիլին ենք սկսել գործունեությունը, ընտանեկան ձեռնարկություն է։ Դեռ նոր ենք ու քիչ է շրջանառությունը։ Բայց ձգտումն է մեծ։  Օճառագործությունը հոբի էր, որ գործ դարձավ»։

«Նուռի բնական օճառներ»-ի արտադրությունը դեռ շատ քիչ շրջանառություն ունի։ Սուրեն Բաբայանը վստահեցնում է, որ եթե շրջանառությունը հասնի 24 մլն–ի ուրախությամբ կվճարեն հարկերը, իսկ այսօր ուրախանում է հարկային այս փոքր արտոնությամբ։

Քաղաքականություն մշակող մարմնում՝ ֆինանսերի նախարարությունում, խոստովանում են հարկային արտոնությունների արդյունքների վերլուծություն չունեն, հարկային արտոնություններից էլ հաճախ օգտվում են ոչ թե իրապես  դրա կարիքն ունեցողները, այլ՝ ճարպիկներն ու հնարամիտները։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան․ «Մենք ունենք բազմաթիվ  հարկային արտոնություններ, որոնք տրամադրվել են պահի տակ կայացված որոշումներով։ Գործնականում ոչ ոք, այդ թվում ֆինանսների նախարարությունը,  անկեղծորեն պետք է խոստովանեմ, հետահայաց վերլուծությամբ չի նայել  ու չի գնահատել այդ արդյունավետությունը»։

Միկրոձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նոր գործիքակազմը կարող է էապես օգնել մանր ձեռնարկատերերին` հնարավորություն տալով որոշ տնտեսումների շնորհիվ նոր խթան հաղորդել փոքր եւ ընտանեկան բիզնեսին:

Ավելի մանրամասն՝ armradio.am