Քիչ առաջ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից եւ նշում՝ պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը։
Տարածված տեսանյութի վերաբերյալ «Հրապարակ»-ը մեկնաբանություն խնդրեց Ռ․Քոչարյանի կրտսեր որդուց՝ Լեւոն Քոչարյանից։ Վերջինս նշեց․ «Տեսանյութից կարծում եմ՝ հասկացել եմ, թե ով է այդ աջակիցը: Նա որպես աջակից հայտնվել է մոտ 3 ամիս առաջ, հայտնել է պատրաստակամություն պայքարելու այս անարդարության դեմ, իր ընկերների և համախոհների հետ միասին: Ճիշտ այնպես, ինչպես հիմնականում նաև մյուսներն են միացել: Եթե տեսանյութի պարունակությունը իրականություն է, ապա սա չափազանց մտահոգիչ է: Մեր ընտանիքի որևէ անդամ երբևէ որևէ մեկի միջոցով` ներառյալ այդ տղայի, չի փորձել և նպատակ չունի փոխել որևէ ցուցմունք: Ինչպես հայրս է հայտարարել՝ չկա ցուցմունք, որը մենք կուզեինք չլիներ կամ փոխվեր: Ես խստագույնս դատապարտում եմ և հորդորում` իրենց՝ մեր աջակիցը համարողներին, մեզ նման «արջի» ծառայություններ չփորձել մատուցել: Չեմ ուզում շտապել, բայց նաև չեմ բացառում, որ այս ամենը ամիսներ առաջ պլանավորած օպերացիա էր: Սա իշխանությունների ընտրած ճանապարհն է և այս «աննախադեպ բացահայտումը» հատուկ արվում է այն ժամանակ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում է»:
Հիշեցնենք, որ վաղը Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հրապարակելու է որոշումը առաջին ատյանի դատարանի կողմից գրավը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ։