Սամվել Բաբայանի թիմակիցների և իրավասու մարմինների, որոշ ԶԼՄ-ների տարածած հոդվածներից ու նյութերից ակնհայտ է դառնում, որ Սամվել Բաբայանը ՀՀ համապատասխան զինկոմիսարիատում հաշվառված է եղել որպես «շարքային»:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի, ով գեթ մեկ անգամ կանգնել է զինհաշվառման (էլ չենք խոսում «գեներալների» և նախկին բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ ՊԲ հրամանատարի մասին), տեղյակ է, որ զորացրվելուց հետո օրենքի ուժով պարտավոր է ներկայանալ իր բնակության վայրի զինկոմիսարիատ և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինհաշվառման կանգնելու համար:
Լրահոսի և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում կարելի է ենթադրել, որ Սամվել Բաբայանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվելուց հետո չի ներկայացել Ստեփանակերտի զինկոմիսարիատ և կանգնել զինհաշվառման, իսկ 2006 թվականին ՀՀ-ում զինհաշվառման է կանգնել հավանաբար դեռևս խորհրդային տարիներից իր մոտ առկա զինվորական փաստաթղթերով, միայն թե մասնակցի ՀՀ-ում 2007 թվականի ընտրություններին:
Ինչ վերաբերում է դատական պրոցեսին, ապա նշենք, որ նախնական դատական նիստերին ներկայացվում են ապացույցներ: Ուստի կարելի է ենթադրել, որ դրանք 6 անգամ հետաձգելու միջնորդություն ներկայացրած Սամվել Բաբայանի պաշտպանները չեն կարողանում ներկայացնել բավարար ապացույցներ, դրա համար անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատական նիստերը հետաձգելու համար: Եթե լիներ հակառակը, ապա Սամվել Բաբայանի պաշտպանները ջանք չէին խնայի դատական պրոցեսն արագ ավարտելու համար:
Սակայն զավեշտալին այն է, որ գեներալը տարիներ շարունակ զինհաշվառման կանգնած լինելով որպես «շարքային» այսօր է այդ մասին բարձրաձայնում: Նույնիսկ ամոթ է ենթադրել, որ այսքան ժամանակ գեներալը չգիտեր այդ մասին:
Կարծում ենք, յուրաքանչյուր պահեստազորի գեներալ գիտի՝ պահեստազորում ինքը որպես «գեներա՞լ» է հաշվառված, թե՞ որպես «շարքային», ընդ որում, եթե չիմանա, ապա ամոթ է նման գեներալին:
Այսքանից հետո միայն կարելի է մտածել, որ «գեներալը» կամ զինվորական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության մասին ընդհանրապես գաղափար չունի, կամ քաղաքական ամբիցիաների համար դիմել ու դիմում է ցանկացած քայլերի, ընդհուպ՝ հաշվառվել որպես «շարքային», միայն թե հնարավորություն ունենա մասնակցելու ընտրություններին:
Հարգելի հայրենակիցներ, մեր՝ աշխարհի լավագույն կեցությանն արժանի ժողովուրդը չունի այն իրավագիտակցությունը, որպեսզի հասկանա այս պրոցեսները, որոնք իրականացվում են Սամվել Բաբայանի և նրա համախոհների կողմից:
Ակնհայտորեն Սամվել Բաբայանի և նրա համախոհների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ ուրիշի վրա ցեխ շպրտելով քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Չմոռանանք նաև, որ հերոս, բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ լինելը առիթ չի հանդիսանում լինելու ստախոս: