Հայաստանի հանրային հեռուստաընկերության Լրատվակ­ան և վերլուծական հաղո­րդումների ուշադրությանը
Advertisement 1000 x 90

Հայաստանի հանրային հեռուստաընկերության Լրատվակ­ան և վերլուծական հաղո­րդումների ուշադրությանը

Երեկ Հ1-ով հեռարձակվող լուրերով հնչեցրին «Աննա Մնացականյանի ՀԿ-ն» արտահայտությունը: Տեղեկացնում եմ, որ երբևէ, որևէ հասարակական կազմակերպություն բացելու նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Ես Ակունք ՀԿ-ի վարչության անդամ եմ, ինչն ինձ համար մեծ պատիվ է, սակայն երբևէ չեմ հանդիսացել Ակունք ՀԿ-ի տնօրեն:

1994-2012թթ. աշխատել եմ Հայ Օգնության Միություն /ՀՕՄ/ միջազգային, հասարակական, բարեգործական կազմակերպության Երևանի գրասենյակում, 2007-2012թթ. Եղել եմ ՀՕՄ-ի Երևանի գրասենյակի տնօրենը: 2006թ.-ից ստանձնել եմ «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավարի պաշտոնը: Հայ Օգնության Միության ատենապետուհին այդ տարիներին Ալվարդ Պետրոսյանն էր: Բազմաթիվ պաշտոնյաներ` վարչապետներից մինչև տարբեր նախարարությունների վարչության պետեր, վստահաբար հիշում են և կփաստեն, թե մանկատան շրջանավարտներին վերաբերող ինչ զանազան-զարմանազան հարցերով, այդ թվում բնակարանով ապահովման հարցով, բազմիցս իրենց է դիմել Ալվարդ Պետրոսյանը:

Ոչ ՀՕՄ-ի, ոչ Ակունքի առաջ, ծրագրի իրականացման ընթացքում, մանկատան շրջանավարտների համար բնակարանի գնման խնդիր չի դրվել: Կազմակերպություններն իրականացրել են մանկատան շրջանավարտների կրթական, սոցիալական և առողջապահական աջակցության բաղադրիչները: Ծրագիրն իրականացվել է մինչև 2016 թվականը ներառյալ:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2015 թ.ի մարտի 10-ի ««Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N198-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի` պետական համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացվեց ՀՀ կառավարության «Կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, ՀՀ կառավարության 2013 թ.-ի օգոստոսի 1-ի N894-Ն որոշումը մասնակի, ՀՀ կառավարության 2014 թ.ի դեկտեմբերի 25-ի N1516-Ն որոշումը մասնակի և ՀՀ կառավարության 2006 թ.ի ապրիլի 13-ի N614-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: 2017թ. քննարկման դրվեց «Բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանով ապահովման» պետական նպատակային ծրագրի նախագիծը:

2012-2016 թթ. Մանկատան շրջանավարտներին տրամադրվել են սոցիալական բնակարաններ: Անձամբ նախաձեռնել եմ, և մասնակցել եմ գործընկերներիս կողմից նախաձեռնած սոցիալական բնակարանաշինության ռազմավարության վերաբերյալ խորհրդաժողովներին և աշխատանքային հանդիպումներին:

Իմ կողմից ծրագրի իրականացման ողջ ընթացքում հաճախ եմ ունեցել լրագրողների օգնության կարիքն այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու հարցում: Մշտապես արձագանքել են ընդամենը երեքը` Էդիկ Բաղդասարյան, Լիա Խոջոյան, Արտակ Ալեքսանյան: Արձագանքել են, երբ չկար սենսացիոն աղմուկ և էժանագին հետաքրքրություն առաջացնելու նպատակ, այլ կար գործնական լրջագույն հարց:

Հանրային Հեռուստատեսությունը, ցավոք, դրանց թվում երբեք չի եղել:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ եմ 2006-2016թթ. ծրագրի իրականացման ամեն տառ ու կետի համար: Պատրաստ եմ պատասխանել մտահոգող հարցերին:

Աննա Մնացականյան



Նման նյութեր