Վերջին շաբաթներին AntiFake.am-ը հրապարակումներ էր արել այն մասին, որ ՀՀ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող և ամուսնուն շատ սիրելու պատրվակով ամուսնու հետ հաճախակի գործուղումների մեկնող վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարսահարդարումն ու դիմահարդարումը հարկատուների համար արժեցել են 39.000 ԱՄՆ դոլար (1, 2, 3):
Մասնավորապես, Աննա Հակոբյանի ընկերուհի-վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը, ով Աննա Հակոբյանին սպասարկելու համար նշանակվել էր վարչապետ Փաշինյանի օգնական, այնուհետև վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթների համակարգող, մեկ տարվա ընթացքում ստացել էր 3.769.980 դրամ աշխատավարձ, որին գումարվել էին նրա 13 գործուղումների համար ծախսված 5.499.209 դրամը և 1.285.986 դրամ պարգևավճարը։ Ընդհանուր՝ ՀՀ հարկատուների համար տիկինի վարսահարդարն արժեցել էր 10.555.175 ՀՀ դրամ (ավելի քան 22.000 ԱՄՆ դոլար)։
Իսկ վարչապետի արարողակարգի մեկ այլ աշխատակից՝ արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Հայարփի Հակոբյանը, որը տարօրինակ զուգադիպությամբ Նավասարդյանի հետ վարչապետի աշխատակազմում աշխատանքի էր ընդունվել նույն օրը՝ 2018թ. հուլիսի 4-ին, որոշ տեղեկությունների համաձայն, զբաղվում է Աննա Հակոբյանի դիմահարդարմամբ: Հայարփի Հակոբյանի 2․000․000 աշխատավարձին գումարվել է 1.505.250 դրամ պարգևավճար և 10 գործուղման համար վճարված 4.149.790 դրամը։ Հայարփի Հակոբյանն էլ հարկատուների վրա արժեցել է շուրջ 8.000.000 ՀՀ դրամ (17.000 ԱՄՆ դոլար):
Ստացվում է, որ Նավասարդյանը և Հայարփի Հակոբյանը վարչապետի աշխատակազմում աշխատանքի էին ընդունվել մեկ նպատակով՝ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։ Այդ ամենը բացատրվում է այն հանգամանքով, որ Նավասարդյանը և Հայարփի Հակոբյանը Փաշինյանի հետ գործուղումների են մեկնել բացառապես այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ևս գործուղման է մեկնել վերջինիս հետ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով Հայարփի Հակոբյանը Սոֆյա Նավասարդյանի հետ միասին գործուղվել է տարբեր պետություններ նաև այն ժամանակահատվածներում, երբ Աննա Հակոբյանն արտասահմանում է գտնվել առանց վարչապետ Փաշինյանի։
Կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանի արտաքին տեսքի համար 1 տարվա ընթացքում ՀՀ հարկատուները վճարել են ավելի քան 18,5 միլիոն դրամ (շուրջ 39.000 ԱՄՆ դոլար):
Այսօր` դեկտեմբերի 19-ին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած, իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնացի և դրա վերաբերյալ հրապարակումների մասին: Հրապարակման մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը հարց է ուղղել Աննա Հակոբյանին, կապված AntiFake.am-ի՝ վարսահարդարի և դիմահարդարի վրա պետբյուջեից 39,000 դոլար ծախսելու հետ` գրելով.
Անի Կաղինյան. «Տիկին Աննա ինչպես տեղեկացա լրատվամիջոցներից ձեր վարսահարդարումը և դիմահարդարումը մեկ տարվա կտրվածքով ՀՀ հարկատուների վրա նստել է մոտ 39 000 դոլար։ Դուք հիմա մեզ հետ անկեղծ չեք»։
Աննա Հակոբյանը. «Սիրելի Անի, անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից եւ դիմահարդարումից, եւ ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որեւէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք եւ բոլորը հավանության կարժանացնեք դա»🙂
Անի Կաղինյան. «Պարտավոր են հաշվետու լինել, որովհետև ամբողջ ծախսը իրականացվում է ՀՀ հարկատուների հաշվին։ Կարելի է օգտվել դիմահարդարումից և վարսահարդարումից ուղակի դա չի կարող բյուջեի վրա մի ահռելի գումար նստել։ Մեր պետության մեջ որտեղ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի աղքատ է մենք իրավունք չունենք մեզ շքեղություններ թույլ տալ»։
Աննա Հակոբյան. «Պարտավոր ենք հաշվետու լինել, եւ հաշվետու ենք, դիմահարդարման եւ վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետեւ պետական բյուջեն տակից չենք թալանում եւ հարստություն դիզում»։
Փաստացի, Աննա Հակոբյանը ոչ միայն չի հերքել վարսահարդարի և դիմահարդարի վրա պետբյուջեից 39,000 դոլար ծախսելու տեղեկությունը, այլ նաև հաստատել է այն՝ նշելով, որ «չունեն անձնական միջոցներ, բյուջեն տակից չեն թալանում ու հարստություն չեն դիզում»։
Նշենք, որ վարսահարդարի և դիմահարդարի նշանակումը Վարչապետի աշխատակազմում և նրանց գործուղումների ուղարկելն ուղեկցվել է մի շարք իրավախախտումներով, իսկ երևույթն ինքնին կոռուպցիայի դրսևորում է, որոնց անդրադարձ ենք կատարել մեր հրապարակումներում։
Աննա Հակոբյանը, հաստատելով պետության հաշվին պահվող վարսահարդարի և դիմահարդարի վերաբերյալ AntiFake.am-ի հրապարակումը, իր մեկնաբանության մեջ նաև մանիպուլյացիա է արել՝ նշելով, որ չունեն անձնական միջոցներ, մինչդեռ տիկին Աննա Հակոբյանի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի պաշտոնում ստանում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ, որը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձ ստացող անձանց աշխատավարձը։ Աննա Հակոբյանն էլ ղեկավարում է 2 հիմնադրամ, որտեղ ամենայն հավանականությամբ ստանում է միջինից բարձր աշխատավարձ, իսկ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձ ստացող անձինք հեշտությամբ կարող են օգտվել գեղեցկության սրահների ծառայություններից։
Այսպիսով՝ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կառավարությունում շարունակվում է կոռուպցիան՝ նորանոր դրսևորումենրով, որոնց առանցքում Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանն են։